Նորություններ ավագանիների և նրանց աջակից խմբերի մասին

__

Ապրենք հայրենիքի սահմանը պահպանող քաղաքացու արժանավայել կյանքով

2012 թվականին Ագարակ քաղաքի բնակիչներն ուրախանալու առիթներ շատ ունեցան: Այն փաստը, որ մենք ապրում ենք Հայաստանի Հանրապետության լավագույն համայնքում/«Տարվա լավագույն համայնք-2012» ամենամյա մրցանակաբաշխության ընթացքում տարվա լավագույն համայնք է ճանաչվել Սյունիքի մարզի Ագարակ համայնքը/, հատկապես չէր կարող անտարբեր թողնել ոչ մի ագարակցու: Հուսով ենք, որ չենք բավարարվի ձեռք բերվածով ու մեծ քայլերով առաջ կգնանք: Վերջին ամիսներին քաղաքն այնքան հագեցած էր տարբեր միջոցառումներով, որ խնդիրների մասին մտածելու ժամանակ անգամ չէր մնում: Խնդիրները, իհարկե, շատ են, բայց դրանք միանգամից լուծելն անհնար է: Պարզելու համար, թե որ խնդիրներն առաջիկայում լուծում կգտնեն, և լուծման ինչպիսի տարբերակներ են տեսնում համապատասխան մարմինները, զրուցեցինք ավագանու անդամ Բուրաստան Մանուկյանի հետ:

ք.Ագարակ
Բ.Մ._Նախ ասեմ, որ պատասխանատվությունս կրկնապատկվեց առաջին նիստի երդման արարողությունից հետո, աշխատելու ցանկությունս՝ նույնպես, քանի որ զգացի գործընկերներիս ջերմ ու հարգալից վերաբերմունքը կնոջ նկատմամբ: Ինչ վերաբերում է քաղաքի զարգացմանը, կարծում եմ ամեն ինչ արվում է միայն ու միայն դրա համար: Քառամյա ծրագրում ընդգրկված յուրաքանչյուրի խնդրին առանձնահատուկ մոտեցում է ցուցաբերվում, իսկ դա հույս է ներշնչում, որ մենք կունենանք այն քաղաքը, որի մասին երազում ենք` ասֆալտապատ ճանապարհներ, վերանորոգված ու մաքուր քաղաքային զբոսայգի, ինչպես նաև սպասարկման ոլորտի ծառայությունների բարձր մակարդակ:

Հեղ._ՏԻՄ-ում հավանության է արժանացել Բ. Մանուկյանի առաջարկն այն մասին, որ
վերանորոգման կարիք ունի նաև դպրոցամերձ խաղահրապարակը. այն բավականին մեծ տարածք է զբաղեցնում և նպատակին չի ծառայում: Իսկ թե ուրիշ ինչ աշխատանքներ կարելի է սպասել մոտ ապագայում տեղական իշխանություններից կին ավագանին նշեց.

Բ.Մ._ Աշխատանքներ կծավալվեն բարձրահարկ շենքերի բակերում տեղակայված ապօրինի շինությունների` փայտանոցների, խորդանոցների վերացման ուղղությամբ: Դա շատ կարևոր է շրջապատի էսթետիկական տեսքի առումով: Աշխատանքներ են տարվում նաև Ագարակում արտադրական որևէ ճյուղ բացելու նպատակով:


Իհարկե, նշված վերջին հանգամանքը շատ ուրախացրեց մեզ և, կասկածի տակ չառնելով մեր իշխանությունների խոսքն ու գործը՝ ուզում ենք հավատալ, որ մի քանի տարի հետո ապրելու ենք մեր հայրենիքի սահմանը պահպանող քաղաքացու արժանավայել կյանքով:
______________________________________________

 Պայքարենք մեր գործով...

1992 թվականի հունվարի 28-ին ՀՀ կառավարությունն ընդունեց «ՀՀ պաշտպանության նախարարության մասին» պատմական որոշումը Հայոց բանակի ստեղծման մասին։ Հայոց բանակի հիմքը եղել են ազատամարտիկները, ովքեր հոգու կանչով գնացել են իրենց հայրենիքը պաշտպանելու: Դրանք ջոկատներ էին, անհատ անձինք, տեղի բնակիչներ, ովքեր կատարում էին բանակի գործառույթները` անգամ չմտածելով իրենց կատարած անգնահատելի գործի մասին:
Հայոց բանակը, լինելով քաղաքացիների անվտանգության և գոյության գլխավոր երաշխավորը, մեզ պարգևել է նաև հաղթանակ, որի համար մենք պետք է պայքարենք ամեն օր, ամեն վայրկյան:
Պետք է պայքարենք մեր գործով` ամեն ոլորտում լինելով լավագույններից, պետք է ապացուցենք մեր միասնականությամբ` ազգային շահը գերադասելով անձնականից, պետք է ապրենք արժանապատիվ` լինելով ուժեղ և արժանի այն կյանքին, որի համար իրենց կյանքն են զոհել մեր հերոսները:
<Մեղրու կանանց ռեսուրս կենտրոն> ՀԿ-ն շնորհավորում է Հայոց բանակի կազմավորման 21-րդ տարելիցի կապակցությամբ և կոչ է անում 2012-2013թթ.. կազմակերպության կողմից իրականցվող <Կանանց քաղաքական հզորացման աջակցություն` տեղական մակարդակում> ծրագրի շահառուներին` Սյունիքի և Վայոց ձորի կին ավագանիներին, լինել ավելի համարձակ, ձեռք բերած ցանկացած հմտություն և կարողություն օգտագործել ի նպաստ Ձեր  համայնքի զարգացմանն և բարօրությանը:
Հայկական բանակը 21 տարեկան է...
_____________________________________________________

Համագործակցության ու թիմային աշխատանքի շնորհիվ կարելի է հասնել շոշափելի արդյունքների

- Ավագանու թեկնածու առաջադրվելու մասին չէի էլ մտածի, եթե  չլիներ “Մեղրու կանանց ռեսուրս կենտրոն” հասարակական կազմակերպությունը (ՄԿՌԿ ՀԿ), իսկ ավելի ճիշտ՝ ՀԿ-ի կողմից  իրականցվող “Կանանց քաղաքական հզորացման աջակցություն` տեղական մակարդակում” ծրագիրը, - մեզ տված հարցազրույցում ասաց Մեղրի համայնքի ավագանու անդամ Շուշանիկ Սարգսյանը:
Նյութի աղբյուրը`  այստեղ
___________________________________________

Փոքր տարաձայնությունները ոչինչ են կարևոր գործերի համեմատ

Թե ինչպես արձագանքեցին մեղրեցիները` այսուհետ ավագանու կազմում կին անդամ ունենալու փաստին, պարզ դարձավ, երբ հարցումներ կատարեցինք հարյուր համաքաղաքացիների շրջանում:
Երիտասարդների կարծիքները բավականին սպառիչ են, նրանք նախընտրում են ավագանու կազմում ունենալ երիտասարդ կադրեր, լինի դա կին թե տղամարդ:
Հետաքրքիր էին կարծիքները միջին տարիքի մարդկանց շրջանում. շատերը անգամ զարմանում էին հարցից` ասելով, որ ՀՀ գլխավոր օրենքով` սահմանադրությամբ, ամրագրված է կնոջ և տղամարդու հավասար իրավունքները:
Վիճակագրական տվյալներ  ավագանու կազմում կին անդամ 
ունենալու փաստի մասին
Հարցվողների 70%-ը համոզված է, որ կին ավագանի ունենալը, ոչ միայն հաճելի և ողջունելի է, այլ նաև անհրաժեշտություն է: Մեկնաբանում էին այսպես, որ իհարկե տղամարդ ավագանիները նույնպես մտահոգված են քաղաքի հիմախնդիրներով, սակայն անշուշտ, կինն ավելի ընդունակ է նկատելու այնպիսի կարևորագույն խնդիրներ, որոնք առաջին հայացքից կարող են ոչ այնքան էական թվալ:
Կարևոր և շատ ոգևորող փաստն այն է, որ հստակ կոտրված է այն կարծրատիպը, թե իբր կինն անվստահություն է ներշնչում: Իսկ փաստը դառնում է էլ ավելի ոգևորող, երբ այս նմանատիպ կարծիքները լսում ես ավելի տարեց մարդկանցից, նրանց մեկնաբանությունն այսպիսին էր, որ վստահություն կարող է ներշնչել յուրաքանչյուր մարդ, լինի նա կին թե տղամարդ, երբ գիտես, որ նա խելացի է և օժտված է մարդկային բարձր հատկանիշներով:

Մի փոքր հարցազրույց էլ ունեցանք Մեղրիի ավագանու անդամ Շուշանիկ Սարգսյանի հետ:

-Դեռևս առիթ չեմ ունեցել շնորհակալություն հայտնելու այն մարդկանց, ովքեր վստահել, գնահատել ու հավատացել են ինձ: Եկեք խոստովանենք, որ ավագանու կին անդամը շատերի մոտ իսկապես հավատ չի ներշնչում, ուստի այն փաստը, որ ես ստացել եմ մարդկանց վստահության ձայնը, ինձ շատ պարտավորեցնում է:
Անկեղծ ասած, հուզմունքով մասնակցեցի ավագանու առաջին նիստին, հուզված էլ ընթերցեցի ավագանու անդամի երդման տեքստը:
Մի տեսակ պատասխանատվություն էի զգում: Զգացվեցի նաև, երբ քաղաքապետարանի կողմից ինձ ծաղկեփունջ նվիրեցին` շեշտելով իմ ներկայության անհրաժեշտությունը: Հույս ունեմ, որ կկարողանամ իմ թեկուզ փոքր ավանդն ունենալու համայնքի խնդիրների լուծման գործում:

-Ես կարծում եմ, որ ավագանու բոլոր անդմաներն էլ իմ համախոհներն են, քանի որ մենք բոլորս էլ ունենք նույն նպատակներն ու վճռականությունը` օգտակար լինելու համայնքին: Իսկ փոքր տարաձայնությունները ոչինչ են կարևոր գործերի համեմատ:
Անելիքներ ու խնդիրներ միշտ էլ կան: Դրանք իրականացնելու համար անհրաժեշտ է միասնություն, համախմբվածություն, վճռականություն: Ժողովուրդը պետք է աջակից լինի իշխանություններին, իսկ վերջիններս էլ` աշխատեն շահել նրանց վստահությունը:

Ինչպես նշեց Շուշանիկ Սարգսյանը, որ երբեք առիթ չի ունեցել շնորհակալություն հայտնելու, ապա այս ամենին կուզենայի հավելել, որ սա էլ մեր համար նույնպես առիթ էր մեր շնորհակալությունը հայտնելու նրան համարձակ քայլի համար, ասելու, որ իսկապես նրա ներկայությունն անհրաժեշտ է, և որ մենք վստահում ենք իրեն և պատրաստ ենք աջակցել ու սատարել յուրաքնաչյուր հարցի շուրջ:
_______________________________________________

Թող գալիք տարիներն ամրապնդեն մարդկանց փոխադարձ հարգանքն իրար նկատմամբ

Տոնական տրամադրությունը Ամանորի հետ այցելում է անկախ նրանից սպասու՞մ ես դու նրան թե ոչ, պատրա՞ստ ես ընդունել նրան ըստ արժանավույն...

Բայց հայ կինը հերոս է ինչպես այդ, այնպես էլ շատ ու շատ ուրիշ հարցերում, նա կարողանում է այսքան հոգսաշատ առօրյայի մեջ միշտ մնալ հմայիչ կին, հոգատար մայր իր ընտանիքի համար ու դիմավորել Ամանորը այնպես, ինչպես ընդունված է հայկական ընտանիքում:

Մեղրիին  ամանորյա լույսերի մեջ
Տարիներ կամ գուցե դարեր շարունակ կնոջ ներգրավվածությունը ակտիվ հասարակական կյանքին քննարկման թեմա է եղել: Բայց կինը իր ուժեղ բնավորությամբ ու տոկուն կամքով կարողացավ կոտրել այդ կարծրատիպը: Նա ապացուցեց, որ ինքը կարող է զբաղվել հասարակության համար շատ կարևոր նշանակության գործերով:

Ագարակում հեքիաթային տոն է 


Մեղրիի տարածաշրջանի կանայք նույնպես այն կարծիքի են, որ հասարակության մեջ առողջ մթնոլորտ կարող է լինել միայն այն դեպքում, երբ տղամարդն ու կինը հավասար իրավունքներ ունեն: Հավասարությունը դա իրավունքի չարաշահում չէ, և ոչ էլ պարտականություններից խուսափում, դա ուղղակի փոխադարձ հարգանք է:

Դե ուրեմն թող գալիք տարիներն ամրապնդեն մարդկանց փոխադարձ հարգանքն իրար նկատմամբ, և թող տարիներ հետո կանայք լինեն տնտեսապես ավելի անկախ ու քաղաքականապես ավելի հզոր:
_______________________________________________

Անահիտ Ասատրյան. <Իմ ցանկությունն է կարճևանցիների մաքրակենցաղությունը վերափոխել բարձրակենցաղության>

 Մեկ անգամ այցելելով Կարճևան, քայլելով կարծես հենց նոր մաքրած փողոցներով, ուղղակի չես կարող չխոսել գյուղի և գյուղացիների մաքարկենցաղությունից: Այդ ապրելակերպը նրանց համար ոչ միայն սովորական առօրյա է, որից երբեք չեն հրաժարվի` ինչքան էլ կենցաղային շատ ու շատ չլուծվող խնդիրներ լինեն, այլ դա նրանց հոգեվիճակն է:
Կարճևան գյուղ
Բնականաբար ՏԻՄ-ը նույնպես համայնքի բնակիչներին այդքան հուզող աղբահանության հարցը չէր կարող անտեսել: Համայնքային հանդիպումների ժամանակ մասնակիցները պատմում էին թե համայնքապետարանը ինչ հնարամիտ լուծում է տվել հարցին.
-Բացի փողոցներում տեղադրված աղբամաններից, կազմել են նաև աղբահանության գրաֆիկ, գյուղի  բնակիչներից մեկն այդ գործը կատարում է իր էշով /քանի որ մեքենան նեղ փողոցները չի կարող մտնել/ և բնականաբար վարձատրվում դրա դիմաց:
Ափսոս, որ ժամանակի սղության պատճառով հնարավոր չեղավ նկարահանել, բայց ամեն դեպքում այս մոտեցումը կարող է օրինակ ծառայել մնացած համայնքների համար, որի համար առանձնապես մեծ ֆինանսներ չեն պահանջվում:

Համայնքային հանդիպում Կարճևանում
Կարճևանում էլի շատ հիմնախնդիրներ կան լուծված` լուսավորության, ճանապարհների ասֆալտապատման և այլ, բայց կան նաև չլուծված շատ խնդիրներ` մշակույթի տան վթարային վիճակ /ի դեպ, վերջին երկրաշարժերի արդյունքն է/, աշխատատեղերի սակավություն, երիտասարդների ազատ ժամանցի կազմակերպման խնդիր, գրադարանային ֆոնդի սակավություն, բժշկի այցերի բացակայություն, բնապահպանական խնդիրներ…

Համայնքի կանայք հավատում են, որ իրենք կարող են նպաստել համայնքում դրական փոփոխությունների կատարմանը, իսկ տիկին Անահիտը` համայնքի կին ավագանին, հստակ ցանկություն ունի` կարճևանցիների մաքրակենցաղությունը վերափոխել բարձրակենցաղության:

Տիկին Անահիտը ավագանու առաջին նիստի մասին.

Համայնքային հանդիպում Կարճևանում
-Նոյեմբերի 23-ին տեղի ունեցավ Կարճևանի համայնքի ավագանու առաջին նիստը, նիստին ներկա էին համայնքապետը և ավագանու բոլոր հինգ անդամները: Շատ հաճելի մթնոլորտ էր, հոգեկան լավ որակներով օժտված մարդիկ էին բոլորը, և այդ ջերմ մթնոլորտում ընդանուր գծերով ծանոթացանք չորս տարվա կատարելիք մեր աշխատանքներին:

Նախ մենք ծանոթացանք, շնորհավորեցինք իրար, և երդվեցինք, որ մենք կաշխատենք այնպես, որ մեր համայքի համար ամեն ինչ լինի դրական:

Ագարակի պ/մ կոմբինատի աշխատանքների ընթացքում ջրատար խողովակ էր վնասվել և գյուղի մի քանի բնակիչների վալելահողերը վնասվել էին: Կոմբինատը որոշակի գումար էր հատկացրել փոխհատուցման համար, նիստի ժամանակ քննարկեցին այդ հարցը, որոշվեց գումարի չափը բախշել ըստ կրած վնասի:

Նիստը ավարտվեց և որոշվեց, որ նիստ կկայանա ամեն պատեհ առիթի դեպքում և բոլոր որոշումները կլինեն ի նպաստ համայնքի խնդիրների լուծման: 
________________________________________________

Լիճք, Տաշտուն համայնքներ. Կենցաղային խնդիրները գյուղը լքելու պատճառ չպետք է դառնան

Լիճքն ու Տաշտունը տարածաշրջանի ամենաբարձրադիր համայնքներն են, որտեղ բնակչությունը, չնայած բազում չլուծված հիմնախնդիրների առկայության, ապրում է, արարում և ապագայի հանդեպ լավատեսությամբ լցված շարունակում է մնալ հարազատ գյուղում` անհնարինը հնարավոր դարձնելով:
Եվ այդ լավատեսության օրինակն է այն, որ սեպտեմբերին կայացած ՏԻՄ ընտրություններում յուրաքանչյուր համայնքում ինքնառաջադրվեցին կին թեկնածուներ, ովքեր համագյուղացիներին ներկայացրեցին իրենց ծրագրերը և արժանացան նրանց վստահության քվեին:
Տաշտուն. համայնքային քննարկում
Իր նախընտրական հանդիպումների ժամանակ Տաշտուն համայնքի ավագանու անդամ Հեղուշ Բաղրամյանը ասել է, որ ցանկանում է նպաստել երիտասարդների և գյուղի միջև կապի ամրապնդմանը և աջակցել երիտասարդ ընտանիքներին: Ու դա միայն խոսքեր չեն, նրան աջակցող խմբի երիտասարդները համայնքային հանդիպումների ժամանակ անկեղծացան.
-Տիկին Հեղուշը ուժեղ կամքի տեր է, երիտասարդ, գյուղից հեռանալու մասին անգամ չի մտածում ու մեզ էլ միշտ ոգևորում է իր անձնական օրինակով:
Երբ բնակիչները մեկը մյուսի ետևից թվարկում էին համայնքային հիմնախնդիրները, կարծիք էր սկսում ձևավորվել, որ գյուղում ապրելը օրեցօր դառնում է ավելի ու ավելի դժվար:
-Թեև ինքս էլ գիտակցում եմ, որ դրանք արագ ու հեշտ լուծվող խնդիրներ չեն, կփորձենք միասին տարբերակներ գտնել, որպեսզի կենցաղային խնդիրները գյուղը լքելու պատճառ չդառնան. - ասում է գյուղի կին ավագանին:
Թագուհի Մարգարյանը` /Լիճք համայնքի ավագանու անդամ/,լի է լավատեսությամբ ու համոզմունքով, որ իր աջակից թիմի հետ համայնքում բազմաթիվ դրական փոփոխություններ կարող է կատարել: Մինչև ավագանի ընտրվելը նա ակտիվորեն ընդգրկված է եղել համայնքի հասարակական անցուդարձին, այժմ արդեն պատրաստ է բարձրացնել քաղաքական իրազեկվածության մակարդակը և լիարժեք ընգրկվել հասարակական-քաղաքական գործընթացներին:
Նոյեմբերի 29-ին տեղի ունեցած ավագանու առաջին նիստի մասին Թագուհին կիսվեց իր տպավորություններով.
Լիճք. համայնքային քննարկում
- Որպես առաջին նիստի մասնակից, պետք է ասեմ, որ ավագանու մյուս ներկայացուցիչները բավականին փորձ ունեին, նրանք մեծ ոգևորությամբ ընդունեցին իմ ներկայությունը` որպես հակառակ սեռի, ողջունեցին իմ ծրագիրը:
Ավագանու առաջին նիստում ընդունվեց ավագանու նիստերի անցկացման կանոնակարգը, խոսեցինք նաև հիմնախնդիրների, դրանց լուծման ուղիների մասին, իհարկե հիմնախնդիրները այնքան շատ էին, որ մեկ նիստի ընթացքում դրանց բոլորին անդրադառնալ չէինք կարող:

Իմ տպավորությունը համայնքապետարանի գործունեության մասին լավ էր, ես չէի պատկերացնում, տեսնենք հետագայում ինչ կլինի: 
________________________________________________

Օրինակելի քայլ ՏԻՄ-երի համար

ՀՀ ընտրատարածքներ
ՏԻՄ ընտրությունները հետաքրքիր անցուդարձ է առաջացնում առօրյայում և միաժամանակ մի տեսակ անհասկանալի լարվածության մեջ է պահում թե կողմ և թե դեմ քվեարկողներին: Այդ ամենից զերծ չեն մնում նաև Մեղրիի տարածաշրջանում: Հուսով ենք, որ համայնքների նոր աշխատակազմերը կկատարեն իրենց նախընտրական խոստումները ու մարդիկ մոտ ապագայում կքաղեն նրանց արդյունավետ աշխատանքի պտուղները:

Մեղրի համայնքում այս իրադարձություններն ու սպասումները մի փոքր այլ են.  քաղաքն ունի նորընտիր քաղաքապետ: Նոյեմբերի 13-ին  նորընտիր  համայնքապետը և ավագնաու անդամները  ստանձնեցին իրենց լիազորությունները: 


Ի դեպ, մեկ հետաքրքիր փաստ` համայնքի բյուջեն հանձնվեց նոր կազմին 0-0 հաշվեկշռով, որը Մեղրիի համար կարելի է աննախադեպ համարել: Հուսով ենք, որ այս բարոյական ու օրինակելի քայլը կդառնա ավանդույթ բոլորի համար: 

Իհարկե նշանակալի է նաև այն, որ տարածաշրջանի 6 համայնքի ավագանիների կազմում ընդգրկվել են նաև կանայք, ինչի համար սպասումները ավելի մեծ են, քանզի, ինչպես նրանցից շատերն են ասում, կինը կարող է նկատել այնպիսի մանրուքներ, որոնց տղամարդը անգամ ուշադրություն չի դարձրել ու երբեք չի կարևորել դրանք, այնինչ մանրուք թվացող հարցի լուծումը կարող է իր դերն ունենալ քաղաքացիական հասարակության ձևավորման հարցում: 

Ուրեմն եկեք հույս ու հավատով լցված, աջակցության կամքով զինված` սատարենք մեր կանանց:

_____________________________________________________


ք.Ագարակ. Կանանց ակտիվ մասնակցությունը համայնքային նախաձեռնություններին

«Առաջ վստահ քայլերով» ծրագրի շրջանակներում ստեղծված Ագարակի կանանց նախաձեռնող խումբն իրականացրեց նախաձեռնություն «Իմ բակն իմ տունն է» խորագրով: 

Ագարակի կանանց նախաձեռնող խումբը վիճակահանության միջոցով ընտրեց Ագարակ քաղաքի Չարենցի N 22 բազմաբնակարան շենքը՝ նախաձեռնությունն իրականացնելու համար:

Սույն թվականի հոկտեմբերի 27-28-ին նախաձեռնող խմբի անդամների և նշված շենքի բնակիչների գործուն մասնակցությամբ իրականացվեցին բակի մաքրման աշխատանքներ: Այնուհետև՝ նոյեմբերի 1-ից 6-ը, կատարվեցին բարեկարգման աշխատանքներ: Բնակիչների անմիջական մասնակցությամբ բետոնապատվեցին շքամուտքերի հարթակները, նորոգվեցին շքամուտքերի դռներն ու բակի տարածքում գտնվող սեղաններն ու նստարանները, որից հետո ներկվեցին շքամուտքերի դռները, բակի սեղաններն ու նստարանները, ցանկապատերն ու բակում առկա մետաղյա այլ ենթամասեր:

Միջոցառման շրջանակներում տեղադրվել են մեկ նոր սեղան, նստարաններ, ինչպես նաև աղբամաններ:

Նպատակ էր դրված բարձրացնել համայնքային խնդիրների լուծման հարցում բնակչության ներգրավվածության մակարդակը, ամրապնդել հասարակություն-ընտանիք կապերը, սերմանել հոգատար վերաբերմունք հանրային սեփականության նկատմամբ: Հատկանշական է, որ միջոցառման ամբողջ ընթացքում առանձնահատուկ ակտիվությամբ աչքի ընկան նշված շենքի կանայք:
_________________________________________
Հեղինակ: Մեղրիում բերքահավաք է
Բերքհավաքը մի յուրօրինակ իրադարձություն է` տոն, ծանր աշխատաք, մտածմունք կամ սովորական առօրյա: Բերքահավաքը մի կողմից համախմբում է մեղրեցիներին մյուս կողմից լրացուցիչ քննարկումների և խոսակցությունների թեմա է տալիս:
Մեղրեցու մտածմունքները սկսվում է դեռևս գարնանից, երբ դեռ ծառերը չծաղկած բոլորը միաբերան պնդում են, որ էս տարի բերք չկա, հետո` որ շատ է թափվում, իսկ աշնանն էլ բերքի ձեռքը կրակն են ընկնում`
ոնց ծախեն, ոնց փոխանակեն, դեռ Երևանների բարեկամներին ուղարկելու խնդիրն էլ վերադիր…
Աշնանային այս թոհ ու բոհը դառնում է զրույցի թիվ մեկ թեման Նռնաձորից մինչև Վարդանիձոր: Դեռևս չվաճառած բերքի գումարը նրանք արդեն մի քանի անգամ մտքում ծախսել են…. Այդ գումարները չեն հարստացնում մեղրեցուն, բայց օգնում են հոգալու որոշ կենցաղային հարցեր:
Ում բերքը քիչ է մտածում է հնարավորին չափ թանկ վաճառելու մասին, ումը շատ է` արագ իրացնելու, ու երկուսն էլ խնդիր է մեղրեցու համար:


Չնայած բոլոր դժվարություններին <Բերքահավաքի իրադարձություն>-ը եղել, մնում և կմնա մեղրեցու կերպարի անբաժանելի մասը:
__________________________________________________

Մեղրի. Կինը, քաղաքականությունը և տղամարդու դիրքորոշումը/Վիդեո/

 Օրերս <Մեղրու կանանց ռեսուրս կենտրոն> ՀԿ-ն իր գրասենյակում <Կանանց քաղաքական հզորացման աջակցություն` տեղական մակարդակում> ծրագրի շրջանակներում կազմակերպել էր կլոր սեղան-քննարկում, որին մասնակցում էին տարածաշրջանի մի շարք համայնքների նորընտիր ավագանու անդամներ, քաղաքական և հասարակական կազմակերպությունների ղեկավարներ, ակտիվիստներ:
Թեման <Կինը, քաղաքականությունը և տղամարդու դիրքորոշումը> էր:
Մինչ քննարկման սկսելը կլոր սեղանի մասնակիցներից յուրաքանչյուրը ներկայացրեց իրեն, իր կյանքի գլխավոր նպատակը, ինչ կցանկանար փոխել իր համայնքում նաև ինչպես է գնահատում կնոջ դերը քաղաքականության մեջ:
Թեմայի քննարկումը սրտամոտ էր ներկաներին և դա էր պատճառը, որ անցավ բավականին հետաքրքիր, մեծ ակտիվության պայմաններում: Կարծիքներն ու տեսակետները երկու սեռերի ներկայացուցիչների միջև բախվեցին, երբ խոսքը վերաբերվեց այն հարցադրմանը, թե արդյոք անհրաժեշտ է, որ կանայք զբաղվեն քաղաքականությամբ և վարեն ակտիվ հասարակական կյանք:
Արդյունքում ներկաները հենց իրենց բերած օրինակներով հաստատեցին, որ ցանկացած գործի, այդ թվում և քաղաքականության մեջ կարևոր են մարդու գիտելիքները, հմտությունները, փորձը, մարդկանց հետ աշխատելու ունակությունն ու ցանկությունը, իսկ այն, որ կանայք քիչ են ներգրավված քաղաքականության մեջ դա ոչ միայն տղամարդկանց այլ նաև կանանց` այդ հարցին մոտեցման, խնդիրն է: 
Ամփոփելով թեման նշվեց նաև Մեղրի համայնքում և տարածաշրջանում կանանց ուժերով արդեն իրականացված բազմաթիվ նախաձեռնությունների մասին, որոնք կոչված են նպաստելու ոչ միայն համայնքի զարգացմանը, այլև կանանց քաղաքական հզորացմանը:
                         
Տեսանյութը սիրողական  է:
_____________________________________________________


Մեղրի. Վստահեցնում ենք, որ դուք մենակ չեք


ԱՄՆ առաջին տիկնանց երկու տեսակի են բաժանում: Մի տեսակի տիկնայք հոգատար մոր ու կնոջ դերում էին և գերադասում էին ամուսիների վրա ազդեցություն ունենալ ոչ ֆորմալ պայմաններում (Բարբարա Բուշ, Ժաքլին Քենեդի), մյուսները` ակտիվիստներ էին, որոնք փորձում էին փոխել աշխարհը` դուրս գալով այդ շրջանակներից (Հիլարի Քլինթոն, Էլենոր Ռուզվելտ): Առաջին տիկնայք հիմնականում հասարակական աշխատաանքներ էին կատարում և աջակցում այս կամ այն ոլորտներում կատարվող բարեփոխումներին:
Վաղուց արդեն հասարակական աշխատանքը դադարել է առաջին տիկնանց մենաշնորհը լինելուց: Ավելին, եթե կինը վառ անհատականություն է և հասարակության մեջ գտնում է իր դերակատարումը, ապա նրա վարկանիշը բարձրանում է: Բարձրացել, կենսական բոլոր օղակներում իր արժանի տեղն է գրավել նաև հայ կինը:
Այդ ամենի հավաստումն է <Մեղրու կանանց ռեսուրս կենտրոն> ՀԿ-ի քառամյա գործունեությունը և հատկապես իրականացվող <Կանանց քաղաքական հզորացման աջակցություն` տեղական մակարդակում> ծրագրի շրջանակներում սեպտեմբեր ամսին կայացած ՏԻՄ ընտրություններում կին ավագանիներին ցուցաբերած աջակցությունը, որի արդյունքում 5 համայնքներում ունեցանք նաև ավագանու կին անդամներ: Հետաքրքրական է այն փաստը, որ ընտրված կանայք բոլորն էլ մանկավարժներ են, որոնք աշխատանքի բերումով ավելի շատ են բախվում սոցիալական խնդիրների: Հոկտեմբերի 24-ին <Մեղրու կանանց ռեսուրս կենտրոն> ՀԿ-ի գրասենյակում տեղի ունեցած սեմինարի ժամանակ նրանք խոսեցին իրենց ծրագրերի մասին, ինչպես են պատրաստվում աջակցել համայնքային տարբեր խնդիրների լուծմանը և հանդիսանալ նախաձեռնողը մի շարք բարելավումների: Տարբեր համայնքներում խնդիրները տարբեր են, բայց մեր մանկավարժ կանանց ցանկություններն ու նպատակները շատ նման են: Բոլորն էլ պատրաստ են իրենց ժամանակն ու եռանդը նվիրաբերել համայնքի բարօրությանն ու զարգացմանը: 


Ասում են, մարդուն վստահելի դարձնելու համար միակ միջոցը նրան վստահելն է: Մենք վստահել ենք ձեզ, սիրելի կանայք ու վստահեցնում ենք, որ դուք մենակ չեք:

1 комментарий:

  1. Ողջույն, բոլորին, ես Ադրիկ Վադիմն եմ, ով ապրում է Կուրգան քաղաքում, ուզում եմ ձեզ հետ միասին կիսել այստեղ, թե ինչպես է պարոն Բենջամինն ինձ օգնում 15000.000.00 ռուբլի վարկ ստանալու համար, որպեսզի սկսեմ իմ սննդի ըմպելիքների առաքումը `այն բանից հետո, երբ ես աշխատել եմ մի քանի հյուրանոցներ այստեղ, Կուրգանում, պարզապես ապրուստ վաստակելու, բայց դժբախտ եմ, ես դեռ դժվարանում էի վարձավճար վճարել, բայց շնորհակալ եմ Աստծուն, որ այժմ ես ինքս եմ աշխատում, երբ իմ խնամքի մեջ աշխատում են 5 աշխատողներ: Եթե դուք փնտրում եք ֆինանսական ազատություն, ես խորհուրդ կտամ ձեզ դիմել պարոն Բենջամինին հետևյալ էլ. Փոստով և ինչ հավելվածի համարը: Lfdsloans@outlook.com + 1-989-394-3740

    ОтветитьУдалить